Syndicate content

«Մենք սիրում ենք մեր դուստրերին, բայց մեզ որդի է անհրաժեշտ»

Giorgia DeMarchi's picture

“We love our daughters. But we need a son.”
Այս միտքն արտահայտում է ընդհանուր տրամադրվածությունը Հայաստանում և նորածինների բնականոն սեռային համամասնության հետզհետե մեծացող շեղման հիմքն է հանդիսանում: Այսօր Հայաստանում նորածինների սեռային հարաբերակցության շեղումը աշխարհում ամենաբարձրերից է. յուրաքանչյուր 114 նորածին տղայի դիմաց ծնվում է 100 նորածին աղջիկ, այն պարագայում, երբ բնականոն սեռային հարաբերակցությունը 105 է: Վերջերս մենք Հայաստանում տարբեր խմբերի հետ հանդիպումներ ենք ունեցել՝ ավելի լավ հասկանալու սեռային նախապատվության խորքային պատճառները, որպեսզի փորձենք օգնել արդյունավետ լուծումներ առաջադրել քաղաքականության մակարդակում:

Այս խնդիրը Չինաստանում, Հնդկաստանում և ասիական այլ երկերում գոյություն ունի վաղուց, սակայն Հարավային Կովկասում այն միայն վերջերս է ի հայտ եկել: Հայաստանում նորածին տղաների հարաբերակցությունը նորածին աղջիկների նկատմամբ սկսեց մեծանալ 1990-ականներին, երբ տնտեսական դժվարությունները, ավելի փոքր ընտանիք ունենալու ցանկությունը և երեխայի սեռի որոշման տեխնոլոգիաների առկայությունը հանգեցրեցին որդի ունենալու նպատակով սեռի ընտրության պրակտիկայի կիրառմանը: Արդյունքը՝ «կորած աղջիկների» մի սերունդ. ահա այսպես է առաջին անգամ այս երևույթը բնութագրել Ամարթյա Սենը: 
 
Մենք գիտենք, որ նորածինների սեռային անհամամասնությունը հասարակության մեջ տիրող գենդերային անհավասարության ախտանշաններից է: Արտահայտեք այս միտքն Հայաստանում և ամենահավանական պատասխանը կլինի. «Մենք մեր երեխաներին հավասարաչափ ենք սիրում», կամ՝ «Այստեղ տղաներին ու աղջիկներին նույն կերպ են վերաբերվում»: «Կորած աղջիկների» թեմայի շուրջ անցած տարի մեկնարկած մեր քանակական հետազոտության ընթացքում մենք սա լսում էինք անընդհատ ու ամենուր, թե´ կանանցից, և թե´ տղամարդկանցից:
 
Թեպետ Հայաստանում աղջիկների համար ապահովված է կրթության հավասար հասանելիություն, իսկ բարձրագույն կրթության ոլորտում աղջիկները նույնիսկ թվով գերազանում են տղաներին, սակայն «Կովկասյան բարոմետր»-ի հետազոտության տվյալները մատնանշում են, որ արու զավակի նախապատվությունը լայն տարածում ունի, որը սեռային բնակակոն համամասնության շեղման բուն պատճառն է: Հարցվածների ավելի քան կեսն ընդունել է, որ եթե միայն մեկ երեխա ունենային, ապա կնախընտրեին տղա ունենալ: Իսկ գյուղական բնակավայրերում, որտեղ ավանդական ընտանեկան համակարգն առավել ամուր է, հարցվածների 71 տոկոսի մոտ այդպիսին է նախապատվությունը:
 
Ֆոկուս խմբի մասնակիցների նախնական թերահավատությունը  մեր ներկայացրած թվային տվյալների վերաբերյալ զարմանալի չէր: Այնուհանդերձ, շատերն ընդունում են, որ արու զավակի նախապատվությունը և դրա հետևանքները նկատելի են իրենց շրջապատում: Հարցվածներից շատերն ընդունում էին, որ համոզել են իրենց աղջիկներին, հարսներին կամ կանանց դադարեցնել հղիությունը, երբ իմացել են, որ երկրորդ կամ երրորդ աղջիկ երեխան է ծնվելու: Իսկ արու զավակի նախապատվության ապացույցները Հայաստանի համայնքներում շատ-շատ են, ինչին մենք ականատես եղանք տեղերում՝ հետազոտության դաշտային աշխատանքների ընթացքում:
 
Մարդիկ իրո՞ք նախապատվությունը տալիս են որդիներին: Ինչո՞ւ:
 
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան»-ի մեր գործընկերների հետ միասին փորձեցինք պարզել խնդրի էությունը՝ զրուցելով տարբեր տարիքի կանանց և տղամարդկանց հետ Հայաստանի չորս համայնքներում: Եվ ահա թե ինչ պարզեցինք.
1.      Արու զավակի նախապատվությունը ամուր գործնական հիմքեր ունի: Ծնողներն ակնկալում են, որ երբ ծերանան, իրենց որդիները ֆինանսապես կաջակցեն ու հոգ կտանեն իրենց համար, ինչպես նաև կօգնեն հաղթահարել առօրյա կյանքի բազում դժվարությունները:
2.      Տեղի սովորույթների համաձայն՝ տարեց ծնողներն ապրում են իրենց որդիների ընտանիքի հետ, ուր որդու կինը հոգ է տանում նրանց համար: Թեև մեր օրերում հարսները պակաս հնազանդ են, սակայն այս սովորույթը դեռ ամուր է: Չնայած ժառանգության մասին օրենքները սեռային տարբերակում չեն սահմանում, սակայն դեռևս գերիշխում է ծնողական տունը, հողը, բիզնեսը որդուն թողնելու ավանդական պրակտիկան: Ինչպես մեզ ասում էին՝ «Հազարից մեկն է ինչ-որ բան թողնում աղջկան»:
3.      Ինչո՞ւ է դա այդպես: Աղջիկները սովորաբար լքում են ծնողական տունը, քանի որ «աղջկան դաստիարակում են ուրիշին ծառայելու համար», այսինքն՝ ամուսնու ընտանիքին: Ծնողներն աղջիկների համար ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քանի որ սահմանափակ են սեփական կյանքը տնօրինելու, լավ վաստակ ունենալու առումով աղջիկների հնարավորությունները, ինչպես նաև այն, որ նրանց հնարավոր «ոչ պատշաճ» պահվածքը ընտանիքի պատվի հարց է: Այսպիսով, արու զավակի նախապատվությունն, ըստ մայրերի, նաև պայմանավորված է աղջիկների խոցելի լինելու հետ կապված անհանգստություններով: Ինչպես նշում էին. «Տղայի համար երջանիկ լինելու հավանականությունն ավելի մեծ է, քան աղջկա»:
4.      Մեր հետազոտությունը բացահայտեց նաև արու զավակի մեծ խորհրդանշական արժեքը. նրանք ընտանիքի անունը կրողն ու շարունակողն են և իրենց ընտանիքի սոցիալական դիրքի պաշտպանը: «Տղա ունենալը պատվի հարց է», ասում էին: Որդի ունենալը հարևանների աչքում հաստատում է հոր առնականությունը: Որդի ունենալը նաև ամրապնդում է կնոջ դիրքերը ամուսնու ընտանիքում: Տղաները նաև դիտարկվում են որպես իրենց քույրերի պաշտպան: Ինչպես հայկական ասացվածքն է ասում՝ «Քույրն ասաց՝ եղբայր ունեմ, եղբայրը չասաց՝ քույր ունեմ»:
 
Օրակարգային գործողություն. գնահատե՛ք ձեր աղջիկներին:
 
Կանանց օրվան ընդառաջ՝ մենք հավասար հնարավորություն ապահովելու պարտավորություն ունենք Հայաստանի և աշխարհի աղջիկների առաջ:
 
Քաղաքականության հետ կապված մարտահրավերը բարդ է, քանի որ արու զավակի նախապատվությունը և դրանից բխող սեռի ընտրության պրակտիկան անձնական ու սոցիալական ճնշումների, ինչպես նաև տնտեսական ու մշակութային գործոնների հետևանք են: Սակայն միջազգային փորձի շրջանակում արդեն իսկ կան նախապատվության խնդրի լուծման արդյունավետ ուղիներ: «Բժշկական լուծումները» կարծես թե չեն արդարացնում իրենց. բուժաշխատողների կողմից պտղի սեռը հայտնելն արգելելը կամ հղիության ընդհատում թույլ չտալը միայն ավելացնում են այդ նպատակներին հասնելու համար անօրինական ու վտանգավոր  քայլերի դիմելու վտանգը: Լուծումը պետք է փնտրել  արու զավակի նախապատվության հիմքում ընկած պատճառների մեջ:
 
Հայաստանում լուծման մասին շատերը գիտեն. Երևանից մի երիտասարդ կին առաջարկում է. «Ինչ էլ որ արվի, ինչից էլ որ սկսվի, էությունը նույնը պետք է լինի՝ կանանց դերի կարևորության մեծացում»: Եկեք նրան ու Հայաստանի բոլոր երիտասարդ աղջիկներին տանք հնարավորություն ծնվելու և դառնալու արժեքավոր մասնագետներ ու առաջնորդներ:

Հետազոտությունը ֆինանսավորվել է Գենդերային հավասարության հովանոցային մեխանիզմի (Umbrella Facility for Gender Equality) ներքո, որը Համաշախարհային բանկի խմբի կողմից կառավարվող բազմադոնոր հիմնադրամ է: 

Add new comment

Plain text

  • Allowed HTML tags: <br> <p>
  • Lines and paragraphs break automatically.