Published on Eurasian Perspectives

Ստեղծել ավելի լավ աշխատատեղեր և հնարավորություններ, մակրոտնտեսական քաղաքականությունները պետք է նպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը

Shutterstock Shutterstock

Նախկին Խորհրդային Միության մի շարք երկրներ  Մարդկային կապիտալի համաթվով բարձր դիրքերում են՝ կրթության և բուժծառայությունների ոլորտում կատարված երկարաժամկետ ներդրումների շնորհիվ։ Նախքան Խորհրդային Միության փլուզումը՝ 1990-ականների սկզբին, խորհրդային համակարգն ապահովում էր կրթության և առողջապահության համընդհանուր հասանելիությունը, ինչի շնորհիվ վերացել էր անգրագիտությունը, և բնակչությունը լավ կրթված էր։ 

Սակայն մեր օրերում այս երկրներից մի քանիսում մեկ աշխատողի թողարկած տնտեսական արդյունքը դեռևս ցածր է՝ համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ․ դրա վառ օրինակն է արտադրողականության ընդհանուր ցածր մակարդակը, արտագաղթի բարձր մակարդակն ու ՀՆԱ-ի դանդաղ աճը։

Ինչու՞ է այդպես․ ավելին իմանալու համար մենք ուսումնասիրել ենք նախկին Խորհրդային Միության չորս երկրները՝ Հայաստան, ՎրաստանՂրղզստանի Հանրապետություն և Տաջիկստան, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք, թե ինչու այս երկրները լիարժեք չեն օգտագործում մարդկային կապիտալի ներուժը և ստեղծում ավելի ներառական աճ ու  տնտեսական  փոխակերպման տանող աշխատատեղեր։

Մենք մի քանի կարևոր միտումներ ենք արձանագրել։ 2000-ականների սկզբից բոլոր չորս երկրներում գրանցվել է նշանակալի զուտ կուտակային միգրացիա՝ իրենց աշխատուժի չափի համեմատությամբ։ Վրաստանում, օրինակ, զուտ կուտակային միգրացիայի ծավալը կազմել է երկրի 2018 թ․-ի աշխատուժի մեկ երրորդը։ Հայաստանի պարագայում միգրացիայի ծավալը կազմել է ավելի քան մեկ քառորդը։ Ղրղզստանի Հանրապետությունում և Տաջիկստանում  զուտ միգրացիայի ծավալն ավելի փոքր է եղել, սակայն սա, թերևս, պայմանավորված է նրանց աշխատանքային միգրացիայի՝ սեզոնային և ժամանակավոր բնույթով։

Բոլոր չորս երկրների տնտեսություններում առանցքային դեր են կատարել դրամական փոխանցումներն արտերկրից։ Անցած տասնամյակում Ղրղզստանի Հանրապետություն և Տաջիկստան  արտերկից կատարված դրամական փոխանցումները կազմել են այդ երկրների ՀՆԱ-ի 30 և ավելի տոկոսը։ Հայաստանում և Վրաստանում արտերկրից կատարված դրամական փոխանցումները միջինում կազմել են ՀՆԱ-ի 11 և 18 տոկոսը։

Մեկ այլ տարածված առանձնահատկություն է մեկ աշխատողի հաշվով ցածր ՀՆԱ-ն, ինչը զարմանալի է, եթե դիտարկենք այդ երկրների մարդկային կապիտալի մակարդակները։ Սա նշանակում է, որ բազմաթիվ աշխատողներ նախընտրում են արտագաղթել՝ դուրս տանելով իրենց մարդկային կապիտալը և ավելի մեծ գումարներ վաստակելով արտերկրում։
 

Image
Shutterstock

Այս երկրներում կարևոր մակրոտնտեսական ազդեցություն ունի աշխատուժի նվազումը, որի պատճառն աշխատողների միգրացիան է՝ զուգակցված արտերկրից ստացվող դրամական փոխանցումներով։ Նրանց տնտեսություններն աստիճանաբար անցնում են ոչ արտահանելի ապրանքների արտադրության, ներառյալ ծառայությունների ձևավորման, որը կբավարարի մեծացող պահանջարկը, և հրաժարվում են արտահանելի ապրանքներից, որոնք կարելի է հիմնականում ներկրել և ֆինանսավորել արտերկրից փոխանցումների հաշվին։ 

Արդեն իսկ այս փոփոխությունների մասին վկայող որոշակի փաստեր կան՝ գլխավորապես Ղրղզստանի Հանրապետությունում և Տաջիկստանում, որովհետև այդ երկրների ՀՆԱ-ում ամենամեծ մասը կազմում են արտերկից ստացվող դրամական փոխանցումները։ Երկու երկրներում էլ արտերկրից ստացված դրամական փոխանցումներն ուղեկցվել են ՀՆԱ-ի կազմում ընդհանուր ծախսերի տեսակարար կշռի ավելացմամբ և, հետևաբար, առևտրային պակասուրդի մեծացմամբ, ինչպես նաև ՀՆԱ-ի կազմում ծառայությունների տեսակարար կշռի ավելացմամբ։  

Մենք գիտենք, որ երբ որևէ արժույթ արժևորվում կամ ամրապնդում է իր դիրքերն այլ արժույթների նկատմամբ, ապա ներկրումն էժանանում է։ Սա կարող է հանգեցնել իրական ՀՆԱ-ի աճի դանդաղման, որի պատճառը զուտ արտահանման ծավալների անկումը և ներկրվող ապրանքների պահանջարկի աճն է։ Հայաստանում և Վրաստանում և, ավելի մեծ չափով, Ղրղզստանում և Տաջիկստանում որոշ փաստեր կան իրական փոխարժեքի արժևորման վերաբերյալ, թեև այս միտումները վերջին երկու երկրներում մասամբ շրջվել են 2015-18 թվականներին՝ պայմանավորված Ռուսաստանից և Ղազախստանից կատարվող դրամական փոխանցումների արժեքի վրա նավթի համաշխարհային գների անկման ազդեցությամբ։

Ազդակներ կան նաև առ այն, որ Ղրղզստանի Հանրապետությունում և Տաջիկստանում գրանցվել է արտաքին գների մրցակցայնության կորուստ, ինչը նպաստել է արտահանումների մասով համեմատաբար թույլ կատարողականին։ Տաջիկստանը տուժել է՝ կորցնելով ապրանքների արտահանման գլոբալ շուկայում իր մասնաբաժնի մի մեծ մասը, իսկ Ղրղզստանի Հանրապետությունը գրանցել է ապրանքների արտահանման գլոբալ շուկայում իր մասնաբաժնի համեստ ընդլայնում, իսկ ծառայությունների արտահանման մասով ավելացում գրեթե չի ունեցել։ 

Ի՞նչ կարող ենք քաղել այս չորս երկրներում առկա միտումներից։

Նախևառաջ, մարդկային կապիտալը լիարժեք օգտագործելու իմաստով կարևորագույն նշանակություն ունեն ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականությունները։ Սա ենթադրում է համակարգային բարեփոխումների իրականացում և կառույցների հզորացում՝ ավելի լավ ղեկավարման և հաշվետվողականության նպատակով։ Սա նշանակում է մասնավոր ներդրումների խթանում և ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղերի ստեղծում, որպեսզի մարդկանց համար գրավիչ լինի հայրենիքում մնալն ու աշխատելը։ Սա նաև նշանակում է օգնել տնտեսվարողներին՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին աճել ու առաջ մղել տեխնոլոգիաներն ու նորարարությունը։ 

Բայց ամենից կարևորն առողջ ու կրթված աշխատուժի՝ ծաղկման և ներառական տնտեսական աճին ու աշխատատեղերի ստեղծմանը նրանց լիարժեք մասնակցության հնարավորությունների ստեղծումն է։

Իմացի՛ր ավելին՝ Արտագաղթն ու դրամական փոխանցումները Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի նախկին Խորհրդային Միության երկրներում․ Որո՞նք են երկարաժամկետ մակրոտնտեսական հետևանքները։ (Աշխատանքային փաստաթուղթ, 2020թ․)


Authors

Sudharshan Canagarajah

Practice Manager, Strategy and Knowledge, Climate Change Group, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000