Published on Eurasian Perspectives

Գինու և խաղողագործական գիտելիքի խմորումը Հայաստանում

This page in:
A lady picking grapes

Մենք հաճախ հպարտությամբ ասում ենք, որ գինին հին է ու հայկական։ Իրոք, Արենի քաղաքի շրջակա քարանձավներում կատարված վերջին պեղումներն ապացուցում են, որ մենք 6000 տարի առաջ և հիմա գինի ենք խմորում և խմում:

Դա է հավանաբար պատճառը, որ ինձ պես համեմատաբար երիտասարդի համար դժվար է պատկերացնել, որ խորհրդային ժամանակներում Հայաստանում գրեթե անհետացել էր գինու մշակույթը: Ինչպես և շատ այլ ոլորտներում, գինեգործներին նույնպես տրվել էր հրահանգ՝ խաղողը մշակել միայն կոնյակի և քաղցր գինու արտադրության համար։ 2000 թվականին էր, որ Հայաստանում վերածնվեց գինեգործության նոր դարաշրջանը:

Հայաստանում կան խաղողագործության և գինեգործության խիստ նպաստավոր պայմաններ ունեցող մի քանի շրջաններ: Այդ թվում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղը՝ խաղողի մշակման համար բերրի հողով և բազմազան միկրոկլիմայով: Պատահական չէ, որ այն գրաբարից թարգմանաբար նշանակում է «ոսկե հատիկ»: Ավելին, այն համարվում է Հայաստանում ներկայումս աճեցվող խաղողի բոլոր տեսակներից նրբագույնը:

People collecting grapes in the vineyard

Ոսկեհատի գինեգործության գիտահետազոտական երբեմնի հայտնի ինստիտուտը, որը բացվել էր 1950-ականներին, գրեթե երկու տասնամյակ չէր գործում՝ անմխիթար վիճակի և ֆինանսավորման բացակայության պատճառով: 2016 թվականին սակայն, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավում» ծրագրի շնորհիվ՝ խարխուլ շինությունը, որտեղ գտնվում էր ինստիտուտը, ամբողջովին վերակառուցվեց:

Գինեգործության արդի սարքավորումներով, գինու ամբարով և ուսանողների համար փորձարարական կենտրոնով հագեցած շինությունը 2018 թ. դեկտեմբերին կրկին բացեց իր դռները՝ արդեն որպես «Հայաստանի ազգային արգրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոն»:

Կենտրոնի տնօրենը պրոֆեսոր Արտակ Գաբրիելյանն է: «Այս տարի առաջին ուսումնական տարին է, որ «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ մեր ուսանողները ունեն նորովի նախագծված, արդիականացված կրթական ծրագիր և գինու համտեսի և խաղողագործության դասընթացներ, որն այնքան կարևոր է ապագա գինեգործների համար», - ասում է նա:

«Եթե բակալավրիատի ուսանողները դիտարկում են գինեգործության գործընթացները՝ սկսած խաղողի մշակումից և բերքահավաքից մինչև գինու հասունացումը, մամլումը և շշալցումը, մագիստրատուրայի ուսանողները ներգրավված են բոլոր նշված գործընթացներում: Ավելին, մենք մեր կենտրոնում լավագույն ուսանողներից շուրջ 30-ին աշխատանք ենք առաջարկում»:

Syuzanna Mosikyan and Artak Gabrielyan in front of barrels

Կենտրոնի աջակցությամբ, ինչպես նաև GIZ-ի, ICARE հիմնադրամի, Միլանի համալսարանի հետ գործընկերությամբ, երեք մագիստրանտներ այժմ ներգրավված են գինու հնեցման վրա հայկական կաղնու տաշեղների օգտագործման ազեցությունը չափելու գիտափորձում: Ուսանողների մեկ ուրիշ խումբ լաբորատոր փորձ է կատարում «չարենցի» խաղողի սորտի վրա, որը մինչ օրս ունի չբացահայտված ներուժ գինեգործության ոլորտում:

Ուսումնասիրությունները կօգնեն տեղական արտադրողներին արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի մրցունակ դառնալու հարցում: Եվ պրոֆեսոր Գաբրիելյանը նշում է, որ նույնքան կարևոր է, որ ուսանողներն ավելի ու ավելի են ոգևորվում:

Մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող և ներկայումս Ոսկեհատի ուսումնագիտական կենտրոնի աշխատակից Սյուզաննա Մոսիկյանը բժիշկների ընտանիքից է: Իհարկե նա զարմացրեց ծնողներին, երբ կայացրեց գինեգործություն ուսանելու որոշում, բայց երբևէ չի զղջացել իր այդ որոշման համար:

«Գինեգործությունն արվե՞ստ է, թե՞ գիտություն, մշտական հարց է սա։ Գինին ցանկացած այլ խմիչքից տարբերվում է, և ըստ իս՝ գինեգործությունն ավելի արվեստ է, քան գիտություն», - ասում է Սյուզաննան ժպիտով: «Ես Գերմանիա էի մեկնել՝ որպես փոխանակման ուսանող, և վերադառնալով ոգևորվեցի՝ տեսնելով հետազոտական նոր կենտրոնը: Հայաստանում առաջին անգամ գինի են արտադրում ուսանողները: Սա այնքան ոգեևորիչ է»:

Զարուհի Մուրադյանը «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի երիտասարդ ղեկավարն է, «Զառա» գինիների հիմնադիրը, ինչպես նաև Ագրարային համալսարանի նախկին շրջանավարտը: «Գինեգործական աշխարհի ուշադրությունն այժմ Հայաստանին է ուղղված, և ոլորտի հաջողությունն ու առաջընթացը Հայաստանում կախված է իրական գիտելիքից և փորձից, որը կարող է սերմանել Ոսկեհատի կենտրոնը»- ասում է նա:

A photo of a bottle of wine

Հայաստանում կա խաղողի գրանցված 400 տեսակ, թեև խաղողագործության և գինեգործության ոլորտում ներկայումս միայն 31-ն ունեն լայն կիրառություն: 2020 թվականին տեղական շուկայում կկայանա Ոսկեհատի ուսումագիտական կենտրոնի արտադրած առաջին 10,000 շիշ կարմիր գինու («Արենի» և «Հաղթանակ» պահուստային խառնուրդ), ինչպես նաև փորձարարական վարդագույն գինիների առաջնամուտը:

Կենտրոնի գինու լաբորատորիան թե՛ գինեգործներին և թե՛ արտադրողներին առաջարկում է փորձագիտական խորհրդատվություն և գիտականորեն ապացուցված նորարարություն: Կարևոր է նաև, որ այն վերականգնում է երբեմնի հայտնի գիտական կենտրոնի համբավը և իր այսօրվա աշխատանքը տեղափոխում այս հազարամյա փորձի առաջատար ուսանմանը, հետազոտմանը և կատարելագործմանը:


Authors

Taguhi Minasyan

External Affairs Assistant

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000