Մարտահրավերը. Բուժծառայություններից օգտվելու հնարավորությունը պայմանավորված է առանձին անձանց` առողջության վրա կատարվող ծախսերով
Արմենն անհանգիստ է: Նա հենց նոր է դուրս եկել բժիշկ Հայրումյանի մոտ իր տարեկան այցից` մի քանի վատ լուրերով. արյան ճնշումը չի կարգավորվում, և սկսվել է երիկամային անբավարարվածություն:
Դա Արմենի համար մեծ անակնկալ չէր: Թեև փորձել էր պահել բժիշկ Հայրումյանի նշանակած խիստ սննդակարգը և կատարել վարժությունները, սակայն չէր կարողացել գնել ամենօրյա դեղերը: Նա ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի ձեռք բերի առողջության մասնավոր ապահովագրություն, ոչ էլ ընկնում է պետպատվերի տակ: Ի՞նչ պետք է անի:
Ցավոք, Արմենի դեպքը եզակի չէ Հայաստանում: Թեև կյանքի ակնկալվող տևողությունը անցած երեք տասնամյակների ընթացքում հասել է 75-ի, հայաստանաբնակներն այսօր ընդհանուր առմամբ ավելի առողջ չեն: Համանման սոցիալ-ժողովրդագրական նկարագիր ունեցող երկրների համեմատ` Հայաստանի բնակչության շրջանում չափազանց շատ են սրտի հիվանդությունների, կաթվածի և շաքարային դիաբետի դեպքերը:
Ընդհանուր առմամբ, քրոնիկ հիվանությունների հետևանքով տարեկան ավելի քան 25.000 մարդ է մահանում Հայաստանում: Այս ամենը Հայաստանի տնտեսությանն արժենում է 360 միլիարդ ՀՀ դրամ` պայմանավորված առողջության վրա կատարվող ծախսերով և արտադրողականության կորստով:
Հիմնական բուժծառայությունների ծառայությունների թերօգտագործումն է քրիոնիկ հիվանդությունների գլխավոր պատճառը Հայաստանում: Մոտավորապես 2,995 մահ հնարավոր կլինի կանխել` տարվա ընթացքում որակյալ բուժծառայությունների հասանելիությունը բարձրացնելու շնորհիվ: Միջին եվրոպացին ընտանեկան բժշկին տարվա ընթացքում այցելում է մոտավորապես յոթ անգամ, իսկ հայաստանաբնակները` մոտավորապես չորս անգամ: Երեք հայաստանաբնակներից երկուսը խուսափում են տարեկան բազային բուժզննությունից: Հինգ հայաստանաբնակներից գրեթե մեկի համար բազային բուժծառայությունները բաց թողնելու հիմնական պատճառը ծախսն է:
Բուժծառայությունների վրա գրպանից կատարվող ծախսերը Հայաստանում և համադրելի երկրներում, 2018 թ.
Մոտավոր հաշվարկներով` Հայաստանում բուժսպասարկման վրա կատարվող «գրպանից դուրս վճարումները» կազմում են ծախսերի 85 տոկոսը` բուժսպասարկման վայրերում (հիվանդանոցներ, կլինիկաներ, դեղատներ և այլն), ինչն աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է: Հայաստանում հինգ տնային տնտեսությունների գրեթե մեկը ընտանեկան եկամուտի մինչև 10 տոկոսը հատկացնում է բուժսպասարկմանը, ինչն անհամեմատ բարձր է Եվրոպայի ցուցանիշից, որտեղ տաս տնային տնտեսություններից գրեթե մեկն է հատկացնում եկամուտների 10 տոկոսը:
Առողջապահությանը տնային տնտեսության ծախսերի մինչև 10 տոկոսը հատկացնելը մի երևույթ է, որը վեց անգամ ավելի է բնորոշ այն հայ ընտանիքներին, որտեղ առնվազն մեկ անձ ունի արյան բարձր ճնշում: Այս վիճակագրությունը բնորոշում է քրոնիկ հիվանդությունների, բուժծառայությունների թերի օգտագործման և բուժսպասարկման վրա կատարվող մասնավոր ծախսերի կապը:
Փոխզիջումային տարբերակ. Դիտարկել համապարփակ ծածկույթի դրսևորումները տնտեսության համար
Որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով տարվող համաշխարհային ջանքերի ուսումնասիրությունը վկայում է, որ պարտադիր վճարումների միջոցով նախապես վճարված և համախմբված մուտքեր ապահովելը, ներառյալ` անապահովների սուբսիդավորումը, հանդիսանում է Համապարփակ առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) անհրաժեշտ պայման:
Երբ կանխավճարային սխեմաներում վճարումները կամավոր են, ավելի առողջ անհատները սովորաբար չեն մասնակցում: Արդյունքում` բուժծառայությունների ապահովագինն անհամեմատ գերազանցում է միջին արժեքը, եթե առանձին խմբերի ռիսկերը համախմբվում են: Քանի որ հասարակության ամենաանապահով անդամներն ավելի են ընկալունակ հիվանդությունների նկատմամբ, ապահովագնի բարձրացման հետևանքով նրանք կշրջանցեն բուժսպասարկումից և կփոխարինեն տնային տնտեսության այլ բազային կարիքներով:
Այս մարտահրավերների լուծմանն օգնելու և բնակչության ընդհանուր առողջական վիճակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է Հայաստանում ընդլայնել բազային բուժսպասարկման դիմելիությունը: Դրա համար կպահանջվեն առողջապահության ոլորտի ֆինանսավորման բարեփոխումներ, որոնց շնորհիվ կձևավորվեն բավարար չափով նախապես վճարված ու համախմբված մուտքեր, և կընդլայնվի առողջապահական ծածկույթն ու կկրճատվի տնային տնտեսությունների ֆինանսական բեռը: Այս իմաստով` ՀՀ առողջապահության նախարարությունը 2019 թվականից ջատագովում է այդ բարեփոխումները` առողջապահության համար լրացուցիչ պետական ֆինանսավորում ձևավորելու նպատակով:
Միանշանակ, անհրաժեշտ եկամուտները հայթայթելու եղանակների վերաբերյալ որոշումներում պետք է արտացոլվեն ոչ միայն առողջապահական նկատառումները, այլ նաև այդ ամենի ազդեցությունը Հայաստանի տնտեսական նպատակների վրա: Զարմանալի չէ, որ Հայաստանում այլընտրանքային առաջարկների վերաբերյալ տարվող քննարկումները` կապված բարելավված և որակյալ առողջապահական ծածկույթը ֆինանսավորելու հետ, իրավացիորեն հարցեր են առաջացրել, թե այս առաջարկություններն ինչպես կանդրադառնան տնտեսական աճի, զբաղվածության և սոցիալ-տնտեսական հավասարության վրա:
ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Համաշխարհային բանկի թիմը
մոդելավորել է մի շարք ուղղակի և անուղղակի հարկերի, այդ թվում` աշխատավարձերի, կազմակերպությունների եկամուտների, ակցիզային, ավելացված արժեքի և այլ ուղիղ հարցերի մակրոտնտեսական ազդեցությունը համախառն ներքին արդյունքի, զբաղվածության և տնային տնտեսությունների կենսամակարդակի վրա:
Հանգուցալուծում. Համընդհանուր ծածկույթի ֆինանսավորում` հանուն առողջության և աճի
Մեր վերլուծությունը կառուցվել է այն ենթադրության վրա, որ ՀԱԾ բարեփոխումների շրջանակներում 2021-ից 2050 թվականներն ընկած ժամանակահատվածում պետությունն է վճարելու անհրաժեշտ բուժսպասարկման համար` թիրախ, որը շատ ավելի հավակնոտ է, քան այժմ քննարկվող առաջարկը: Մենք նաև հաշվի ենք առել աշխատանքային տարիքի բնակչության առողջական վիճակի և արտադրողականության բարելավումները, որոնք կունենանք ծածկույթի ընդլայնման արդյունքում:
Մենք պարզել ենք, որ երկարաժամկետ կտրվածքով արտադրողականությունը բարձրանում է` պայմանավորված Հայաստանում ՀԱԾ հասանելիության ընդլայնմամբ, որը կչեզոքացնի բարեփոխումների ծախսերը` անկախ հարկման տարբերակից: ՀՆԱ-ում նախատեսվող երկարաժամկետ ավելացումները տատանվում են աշխատավարձային հարկերի 0.05 տոկոսից մինչև տնային տնտեսությունների ոչ աշխատավարձային եկամուտներից գանձվող հարկեր` 1.36 տոկոսի չափով: Ընդհանուր զբաղվածության ծավալները նույնպես մեծանում են` 0.25 տոկոսից 1.34-ի միջակայքում:
ՀԱԾ-ի ֆինանսավորումը` հարկային տարբեր քաղաքականությունների շրջանակներում, տոկոսային փոփոխությունը բնականոն իրավիճակի համեմատ, 2050 թ.
Ընդհանուր առմամբ, մեր ուսումնասիրությունը վկայում է, որ ավելի լայն հարկման բազայով ֆինանսավորման տարբերակներն ավելի դրական կանդրադառնան Հայաստանի ՀՆԱ աճի վրա: Այսպիսով, ՀԱԾ-ի ֆինանսավորման բեռը ողջ տնտեսության վրա բաշխելը` բոլոր ապրանքատեսակների մասով ավելացված արժեքի հարկը բարձրացնելու միջոցով, համեմատաբար դրական կանդրադառնա տնտեսական աճի վրա: Այս եզրահանգումը համահունչ է զարգացող այլ երկրների փորձին, որտեղ սոցիալական հատկացումների համար պետական մուտքերը ձևավորվել են ավելի լայն բազայով սպառողական հարկերից:
Եվ վերջիվերջո, ՀՀ կառավարությունն է որոշելու, թե երկրում ինչպես են ֆինանսավորվելու ՀԱԾ բարեփոխումները: Մեր վերլուծությունն ընդամենը ներկայացնում է դիտարկվող տարբերակների հավանական ազդեցությունը` Հայաստանի ավելի լայն տնտեսական նպատակներին հասնելու ճանապարհին:
Անկախ ընտրված տարբերակից` ՀԱԾ բարեփոխումները Հայաստանում հստակ են: Ստատուս քվոյի պահպանումը, որի պարագայում բազային ծառայություններից օգտվելու հնարավորությունը պայմանավորված է վճարունակությամբ, այլ ոչ թե` բուժօգնության կարիքով, արդարացված չէ` ոչ միայն բնակչության առողջության, այլ նաև տնտեսության համար:
Առողջապահության ոլորտի բարեփոխումները, որոնց մասին պետք է ճիշտ իրազեկում տանել ու պարզաբանել հանրությանը, կօգնեն Արմենի նման մարդկանց` բժշկական անհետաձգելի միջամտությունների անհրաժեշտության պարագայում օգտվել խիստ անհրաժեշտ օժանդակությունից:
Հոդվածի պատրաստմանը մասնակցել են` Հասան Դուդուն, Ադանա Չուվուման, Արմինե Մանուկյանը, Անաստաս Աղազարյանը և Մուհամեդ Զեշանը:
-------------------------------------------
Մանրամասները տես` Macroeconomic Effects of Financing Universal Health Coverage in Armenia/ Հայաստանում համընդհանուր առողջապահական ծածկույթի ֆինանսավորման մակրոտնտեսական ազդեցությունները
Join the Conversation