Published on Eurasian Perspectives

Ինտերնետի օգտագործումը Հայաստանում․ Ինչպե՞ս են անհատներն ու բիզնեսներն ինտերնետն օգտագործում հնարավորություններից օգտվելու համար

This page in:
????????? ???????????? ??????????? Ինտերնետի օգտագործումը Հայաստանում

Հայաստանի բնակչության 96 տոկոսն ունի ինտերնետի հասանելիություն, ուստի կարելի է ասել, որ այդ ծառայությունը լայն տարածում ունի։ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում սոցիալական հեռավորության պահպանման և շարժման սահմանափակումների այս ժամանակահատվածում հուսալի ինտերնետ կապը նույնքան կարևոր է, որքան էլեկտրամատակարարումը, գազամատակարարումն ու ջրամատակարարումը, քանզի այն ֆիզիկական անձանց, տնտեսվարողներին ու պետական մարմիններին հնարավորություն է տալիս շարունակել կենսական գործունեությունը։

Ինտերնետի հասանելիությունը բազմազան հնարավորություններ է ընձեռում նույնիսկ այս դժվար ժամանակներում։ Դրանից օգուտ քաղելը կախված է այն հանգամանքից, թե ինչպես և ինչ նպատակով են օգտագործվում ինտերնետային տեխնոլոգիաները։

Հայաստանաբնակներն ինտերնետից օգտվում են հիմնականում ժամանցի և բազային հաղորդակցության նպատակով

Հետազոտության արդյունքում պարզել ենք, որ Հայաստանում մարդիկ ինտերնետից ամենից հաճախ օգտվում են հաղորդակցվելու և մեդիա ծառայությունների համար, այդ թվում՝ զանգեր, հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու, սոցիալական ցանցերից օգտվելու և առցանց լրատվություն ստանալու նպատակով։ Նոր «կարանտինային իրականությունում» կարևորվող վիրտուալ գործունեությունը, սակայն, մինչ այժմ տարածված բնույթ չի ունեցել։ Վերջերս կենսական են համարվում գործունեության հետևյալ տեսակները՝ առցանց հարթությունում խիստ կարևոր, օրինակ, առողջապահական, ապրանքների կամ ծառայությունների և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն հայթայթելը (հարցվածների ընդամենը 37 տոկոսը), վիրտուալ աշխատանքային հաղորդակցությունը (31 տոկոս), այդ թվում էլեկտրոնային նամակագրությունը և տեսակապը, սեփական բովանդակության հրապարակումը, օրինակ, կրթական նպատակներով (16 տոկոս), կամ էլեկտրոնային առևտրային գործունեությամբ զբաղվելը (8 տոկոս), ինչպես օրինակ, առցանց առք ու վաճառքը կամ էլեկտրոնային բանկային ծառայությունները։

Armenia ICT Blog chart#1

 

Սա թերևս վկայում է, որ առօրյա կենսակերպի չկանխատեսված և կտրուկ տեղափոխումը վիրտուալ միջավայր, ինչի ականատեսը եղանք այս օրերին, դժվար է հասարակության մի զգալի հատվածի համար։ Օրինակ, չնայած ամեն օր ինտերնետից օգտվում է ընդհանուր բնակչության 83 տոկոսը, սակայն նրանց թվում է 65-ն անց տարիքի մարդկանց կեսը միայն։ Միևնույն ժամանակ բնակչության մոտ 8 տոկոսը հայտնել է, որ երբեք չեն օգտվել ինտերնետից։ Այս թիվը մի փոքր ավելի մեծ է որոշակի խմբերում՝ հասնելով 14 տոկոսի ամենացածր եկամտային խմբում (ում մոտ ամսական եկամուտը 100․000 ՀՀ դրամից պակաս է) և 30 տոկոսի՝ 65-ն անց տարիքի անձանց խմբում։ Այսպիսով, տարեցներն ու ավելի անապահովները, թերևս, սոցիալական կամ տնտեսական հնարավորությունները կորցնելու վտանգի տակ են։

Ինտերնետի օգտագործումը սահմանափակող այլ հնարավոր գործոններ

Հնարավոր է, որ այս բացը պայմանավորված լինի հմտությունների կամ իրազեկության պակասով։ Հնարավոր է նաև, որ դա լինի տեխնոլոգիական անբավարար կարողությունների հետևանք, ինչն անհրաժեշտ է այդ ծառայություններից լիարժեք օգտվելու համար։ Օրինակ, եթե ընտանիքը չունի լայնաշերտ ինտերնետային կապ, ամենայն հավանականությամբ այդ ընտանիքի անդամները չեն կարողանա արդյունավետությամբ օգտվել առցանց ուսուցման և աշխատանքային հաղորդակցության տարբեր եղանակներից։

Սարքերի հասանելիությունը նույնպես ազդում է այն բանի վրա, թե մարդիկ ինչպես են օգտվում ինտերնետից։ Օրինակ, ֆիզիկական անձանց շրջանում ինտերնետից օգտվելու ամենատարածված միջոցը բջջային հեռախոսն է (բնակչության 69 տոկոսը)։ Անհատների ընդամենը 17 տոկոսն է ինտերնետից օգտվում համակարգչի միջոցով, ինչը, սակայն, կարող է մարտահրավեր դառնալ բնակչության համար, երբ «գործը հասնի» բազային հանրային ծառայություններից էլեկտրոնային եղանակով օգտվելուն (օրինակ՝ առցանց կրթություն)։

Մասնավոր ընկերությունների համար հնարավորությունների հասանելիությունը ևս բարելավման տեղ ունի

Նմանատիպ միտումներ տեսանելի են նաև մասնավոր ընկերությունների մոտ։ Չնայած էլեկտրոնային առևտրի հարթակների օգտագործման ծավալների ավելացմանը՝ բնակչության շատ փոքր հատվածը՝ 13 տոկոսն է ապրանքներ ու ծառայություններ գնում էլեկտրոնային եղանակով։ Ավելին, էլեկտրոնային գնումների վիճակագրությունը քաղաքներում և գյուղերում տարբեր է։ Երևանաբնակների քսանմեկ տոկոսն առցանց գնումներ է կատարել վերջին երեք ամիսներին, մինչդեռ մյուս քաղաքային և գյուղական համայնքներում այս ցուցանիշը, համապատասխանաբար, կազմում է բնակչության 14 և 9 տոկոսը։

Armenia ICT Blog Chart#2

 

Այսպիսով՝ թեև բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ օգտվում են տեղեկատվական տեխնոլոգիաներից, սակայն վերջիններս բիզնես հատվածում դեռևս շրջադարձային բնույթ չեն կրում։ Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ), օրինակ, հայտնել են, որ ՏՏ-ից հաճախ օգտվում են խթանելու վաճառքի բիզնես գործընթացները, հաճախորդների հետ հարաբերությունները, հաշվապահական հաշվառումն օպտիմալացնելու համար, սակայն գրեթե բոլոր դեպքերում նմանատիպ ընկերությունների մասնաբաժինը չի գերազանցում 50 տոկոսը։ Ընթացիկ գործառնություններում տեխնոլոգիաների կիրառման ցուցանիշը նույնիսկ ավելի ցածր է։

Պետական մարմինների հետ շփվելիս ՓՄՁ-ները թվային հարթակներից օգտվում են հիմնականում հարկեր վճարելու համար։ «Բիզնեսը՝ բիզնեսին» տիրույթում ՓՄՁ-ների ընդամենը 20 տոկոսն է գործարքների համար էլեկտրոնային պայմանագրեր կնքում և օգտվում էլեկտրոնային վճարումներից։ Ավելին, զգալի թվով մասնավոր ընկերություններ երբեք ՏՏ-ն չեն գործածել այլ տնտեսվարողների (63 տոկոս) կամ պետական կառավարման մարմինների (55 տոկոս) հետ գործարքներում։

Armenia ICT Blog Chart#3

Չունեմ, այսի՞նքն՝ նաև կարիքը չունե՞մ․․․․

Տնտեսական գործունեության նպատակով ինտերնետի սահմանափակ գործածումը հայաստանաբնակների կողմից ազդում է նաև ՓՄՁ-ների կողմից այս տեխնոլոգիաների օգտագործման եղանակի վրա։ Մեր հետազոտությամբ պարզել ենք, որ ՓՄՁ-ների մեծամասնությունը ՏՏ-ն սկսել է կիրառել սպառողական պահանջարկի պատճառով, իսկ այն ընկերությունները, որոնք առ այսօր չեն օգտվել առցանց ծառայություններից, գտնում են, որ այդ տեխնոլոգիաներն արդիական չեն իրենց բիզնես գործունեության համար։ Մյուս կողմից, ինտերնետից չօգտվող մարդկանց մոտավորապես կեսն ասում է, որ իրենք համացանցում ներկայություն չունեն, քանի որ չեն տեսնում դրա կարիքը։ Սա վկայում է հնարավոր  «արատավոր» շղթայի մասին․ ինտերնետի սահմանափակ օգտագործումն անհատների և բիզնեսների կողմից կարող է պայմանավորված լինել օնլայն տնտեսական գործունեությամբ զբաղվելու մասին իրազեկման սահմանափակ հնարավորություններով։

Armenia ICT Blog Chart#4

Այս շարքի մեր վերջին բլոգն ավելի մանրակրկիտ կանդրադառնա այս հարցին և կդիտարկի, թե այս «արատավոր» շղթան ինչպես կարելի է վերածել «հաջողության» շղթայի՝ նպաստելով դրական փոփոխությանը, որում անհատներն ու բիզնեսները կունենան համացանցում ներկայություն և օգուտ կքաղեն շուկաներին, տեղեկատվությանն ու ծառայություններին միացած լինելուց։


Authors

Siddhartha Raja

Senior Digital Development Specialist

Gohar Malumyan

Digital Development Consultant

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000