Published on Eurasian Perspectives

Ինտերնետի օգտագործումը Հայաստանում. ինչպե՞ս կարող է կապը նպաստել հավասար հնարավորություններին

This page in:
Internet use in Armenia Internet use in Armenia

Ինտերնետային կապի կարևորությունը երբևէ այսչափ ակնհայտ չի եղել, որքան այսօր, երբ աշխարհն առերեսվել է COVID-19 համավարակի աննախադեպ մարտահրավերին։ Սոցիալական հեռավորության պահպանման միջոցները, անցումը առցանց ուսուցմանը ողջ աշխարհում, բնականոն բիզնես գործունեության խիստ սահմանափակումներն ու պետական պաշտոնյաների համար պարտադիր դարձած հեռավար աշխատանքն ինտերնետային կապը դարձրել են ավելի կենսական, քան երբևէ։ Թվային գործիքները մեզ թույլ են տալիս վիրտուալ կերպով շարունակել մեր առօրյա գործունեությունը։ Սակայն, օրինակ, հարուստների և աղքատների կամ քաղաքների և գյուղերի բնակիչների միջև առկա թվային բաժանարարները կարող են խորացնել գոյություն ունեցող անհավասարությունները և վատթարացնել, սահմանափակել կամ նույնիսկ խոչընդոտել ծառայություններից կամ շուկաներից օգտվելու ոմանց հնարավորություններն այս ճգնաժամի և/կամ վերականգնման ժամանակահատվածում։

Արմատական տեխնոլոգիական փոփոխությունների այս ժամանակներում մենք կիսում ենք Հայաստանում ինտերնետի օգտագործման վերաբերյալ Համաշխարհային բանկի վերջերս կատարած հետազոտության եզրահանգումները. հետազոտությունը կատարվել է պարզելու համար, թե ով է պատրաստ ընդունել ու կիրառել այս տեխնոլոգիական առաջխաղացումները։ Հետազոտությունը կատարվել է 2019 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, մասնակցել են Հայաստանի քաղաքների և գյուղերի 2000 տնային տնտեսություններ և 400 փոքր ձեռնարկություններ։ 

Հայաստանի մեծ մասը միացած է ինտերնետին

Լավ լուրն այն է, որ ըստ հետազոտության արդյունքների՝ Հայաստանի տնային տնտեսությունների մեծ մասը միացած է ինտերնետին։ Միջինում Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 96 տոկոսն ունի առնվազն բազային ինտերնետ կապ, և ինտերնետի օգտագործման առումով քաղաքային և գյուղական համայնքների միջև գրեթե որևէ տարբերություն չկա։ Չկա նաև որևէ նշանակալի տարբերություն ինտերնետի հասանելիության մակարդակներում՝ ըստ եկամտային խմբերի. մինչև 100,000 ՀՀ դրամ ամսական եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ավելի քան 91 տոկոսը տանն ունի ինտերնետային կապ։

????????? ???????????? ???????????

Հայաստանի փոքր ձեռնարկությունների շրջանում ինտերնետի հասանելիությունը ևս տարածված երևույթ է։ Մենք պարզել ենք, որ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) 83 տոկոսն ունի ինտերնետի հասանելիություն։

????????? ???????????? ???????????

Այդուհանդերձ, ավելի քիչ թվով միկրո ձեռնարկություններ (առավելագույնը տաս աշխատող և 100 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն) ու սպասարկման ոլորտի տնտեսվարողներ են միացած ինտերնետին։

????????? ???????????? ??????????? - chart3

Տարբերությունները դրսևորվում են կապի որակով

Ինտերնետի արագությունը կարևոր նշանակություն ունի։ Ճգնաժամային իրավիճակներում, ինչի ականատեսն ենք այսօր, սոցիալական հեռավորության պահպանումը և շարժման սահմանափակումները նշանակում են, որ սովորողներն ու ուսուցիչները պետք է անցնեն առցանց կրթության, պետական պաշտոնյաները հարկադրված են շարունակել առցանց աշխատանքը, իսկ ձեռնարկությունները պետք է անցնեն էլեկտրոնային գործառնությունների, այդ թվում՝ վաճառք և այլ գործարքներ։

Որպեսզի այս փոփոխոությունները հնարավոր դառնան, ցանցերը, որոնց՝ տվյալների փոխանցման բեռնվածությունը մեծանում է, պետք է կարողանան սպասարկել առաջացող հավելյալ կարիքները, և արդյունքում տնային տնտեսություններն ու կազմակերպությունները պետք է ունենան գերարագ, լայնաշերտ ինտերնետային ծառայությունների հասանելիություն։

Ահա թե որտեղ են դրսևորվում տարբերությունները։ Օրինակ՝ առավելագույնը 100,000 ՀՀ դրամ ամսական եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ընդամենը 59 տոկոսն  ունի ֆիքսված լայնաշերտ կապի հասանելիություն (գերարագ ինտերնետի հասանելիություն). այս ցուցանիշը 92 տոկոս է ամսական 500,000 ՀՀ դրամից ավելի եկամուտ ունեցող տնային տնտեսությունների պարագայում։ Ավելին, ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները շարունակում են օգտվել բջջային հեռախոսի ավելի դանդաղ ինտերնետ ծառայություններից, որոնք որպես կանոն չեն կարողանում ապահովել տեսակապի կամ որոշակի ծառայությունների, օրինակ, հեռահար բուժծառայությունների կամ առցանց բանկային ծառայությունների դյուրին հասանելիություն, ինչը, թերևս, խիստ կարևոր է ճգնաժամի պայմաններում։ Իրապես՝ ամսական առավելագույնը 100,000 ՀՀ դրամ եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ընդամենը մեկ տասներորդ մասն է օգտվում այս ծառայություններից։

????????? ???????????? ??????????? - chart4

Այս բաժանարարները տեսանելի են նաև ձեռնարկությունների շրջանում։ ՓՄՁ-ների 60 տոկոսն օգտվում է ֆիքսված ինտերնետային տեխնոլոգիաներից, ընդամենը 20 տոկոսն է բաժանորդագրված 30 Մբ/վ-ը գերազանցող կապի, ինչը համեմատաբար ցածր ցուցանիշ է բիզնեսի համար։ Ձեռնարկությունների ինտերնետի կապի եվրոպական թիրախները 30 անգամ ավելի են՝ «գիգաբիթի մակարդակներում»։

Կապի տարբերությունը ենթադրում է հնարավորությունների հասանելիության տարբերություն

Ավելի արագ ու էժան ինտերնետային ծառայություններն չքավոր ու գյուղերում ապրող ավելի շատ մարդկանց են ընձեռում տեղեկատվության, շուկաների ու ծառայություների նույն հասանելիությունը, որն ունեն քաղաքաբնակներն ու տնտեսապես ավելի բարեկեցիկ ապրողները։ Սա նաև նշանակում է, որ ընկերությունները կարող են ավելի արդյունավետ հաղորդակցվել իրենց առնչվող սուբյեկտների, մատակարարների ու սպառողների հետ և ավելի վստահ լինել բազմաթիվ առցանց հարթակներում առկա տարատեսակ հավելվածներից ու ծառայություններից օգտվելու իրենց ունակության հարցում՝ սկսած վճարումներից մինչև ամրագրումներ։

Ինտերնետի սահմանափակ հասանելիությունը՝ պայմանավորված անբավարար ծածկույթով կամ բարձր գներով, կաշկանդում է անհատների ու ձեռնարկությունների՝ հաղորդակցվելու և տվյալներով կիսվելու ունակությունը։ Այն նաև սահմանափակում է կառավարության կողմից քաղաքացիների հետ կապ հաստատելու և հուսալի ծառայություններ ու տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը։ Այս սահմանափակումները նշանակում են տնտեսական և սոցիալական հնարավորությունների անհավասար հասանելիություն։ Համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում, է՛լ ավելի արագ թվայնացող աշխարհում այսպիսի սահմանափակումները կարող են խորացնել առկա սոցիալական և տնտեսական բաժանարարներն ու երկրներին թույլ չտալ իրացնել համաշխարհային թվային տնտեսությունում մասնակցության լիարժեք շահաբաժինները։

Այս շարքի հաջորդ բլոգում կներկայացնենք մեր բացահայտումներն այն մասին, թե մարդիկ ու ձեռնարկություններն ինչ են անում առցանց տիրույթում և որոնք են ինտերնետից չօգտվելու պատճառները. բարձր ծախսերը կամ ծածկույթի պակասն ինչպե՞ս կարող է սահմանափակել ինտերնետին միանալու հնարավորությունները։


Authors

Siddhartha Raja

Senior Digital Development Specialist

Gohar Malumyan

Digital Development Consultant

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000