Published on Eurasian Perspectives

«Safe YOU» հավելված․ Հայ կանայք տեխնոլոգիան կիրառում են կանանց նկատմամբ բռնության խնդիրը նորարարական եղանակով լուծելու համար

This page in:
SafeYou application logo

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ սպասում էի աղջկաս ծնվելուն, մեր ընտանեկան հավաքույթներից մեկի ժամանակ մի տարեց կին մոտեցավ ինձ և ասաց․ «Մի՛ մտածիր, երկրորդը տղա կլինի»։

Հայրիշխանական հասարակությունում, ինչպիսին մերն է, աղջիկները թերագնահատված են, անգամ մինչև ծնվելը։ Ահա թե ինչու որոշեցի ջանքերս ուղղել իմ հասարակությունում աղջիկների ու կանանց կարգավիճակն ու դերը բարձրացնելու գործին։ Կանանց նկատմամբ բռնության հիմնախնդիրը լուծելու պրպտումները դարձան իմ կյանքի առաքելությունը։

Թերևս լսել եք մեր Geeks against GBV նախագծի մասին, որն իրականացնում է Երևանում գործող Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկը: 2018 թվականին ծրագիրը ֆինանսավորում ստացավ   Համաշխարհային բանկի/SVRI «Զարգացման տոնավաճառ նորարարություններ սեռի հատկանիշով  բռնության լուծման համար» դրամաշնորհը։

Մեր տեխնիկական թիմի հետ նախատիպ ենք մշակել նորարարական բջջային հավելվածի համար, որը հասցեագրված է կանանց՝ դիմակայելու իրենց նկատմամբ բռնությանը։ Safe YOU բջջային հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս վտանգավոր իրավիճակներում դիմելու օգնության` իրենց տեղորոշմամբ ահազանգող անվճար հաղորդագրություն ուղարկելով նախապես ընտրված անձանց, կանանց աջակցող հասարակական կազմակերպություններին, պետական մարմիններին կամ ոստիկանությանը։ Հավելվածը նաև ֆորումի հնարավորություն ունի, որտեղ համայնքի անդամները կարող են իրար հետ անանուն քննարկումներ վարել և խորհրդատվություն ստանալ վստահելի մասնագետներից՝ բժիշկներից, իրավաբաններից, հոգեբաններից։

Մենք աշխատել ենք Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի և միջազգային գործընկերների հետ հավելվածի մասին Հայաստանում տեղեկատվություն տարածելու ուղղությամբ։

SafeYou app screenshot

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

COVID19 համավարակը և դրա հետևանքով ընտանեկան բռնության դեպքերի աճը ևս մեկ անգամ ցույց տվեցին կանանց նկատմամբ բռնության համատարած բնույթը թե՛ զարգացող և թե՛ զարգացած երկրներում ։ Նախադրյալներ և պահանջարկ ձևավորվեց հավելվածն այլ երկրներում կիրառության մեջ դնելու և բարելավելու համար:

Համագործակցության առաջին առաջարկը ստացել ենք Վրաստանի՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջատար ՀԿ-ներից մեկից՝ Uապարի միությունից, որը ցանկանում էր բջջային հավելվածը ներդնել իրենց երկրում։ Շաբաթներ տևած տեխնիկական մշակման, թարգմանական և նախագծային աշխատանքներից հետո  հավելվածը հաջողությամբ ներդրեցինք Վրաստանում` մեր գործընկերներին տրամադրելով առանձնացված տվյալների շտեմարան հավելվածի բովանդակությունը կառավարելու համար։ Սա նշանակում է, որ հավելվածի բովանդակությունը, ներառյալ ֆորումում դրված հաղորդագրությունները, ցանցում ընդգրկված աջակցման ծառայություններ մատուցող կազմակերպությունները, յուրաքանչյուր երկրում տարբեր է և կառավարվում է տեղացի արտոնագրրված գործընկերոջ կողմից։

Մենք աշխատում ենք նաև Արդար առևտրի համաշխարհային կազմակերպության Ասիայի գրասենյակի հետ այս հավելվածն ավելի քան հինգ ասիական երկրներում կիրառության մեջ դնելու ուղղությամբ։ Բացի այդ, աշխատում ենք մեր գործընկերների հետ հավելվածում կանանց տնտեսական հզորացման գործիքներ ու ռեսուրսներ ներառելու նպատակով։  

Մենք համագործակցում ենք այս ոլորտում գործող տեղական կազմակերպությունների՝ կանանց իրավապաշտպան  ՀԿ-ների, ապաստարանների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և նրանց հետևողականորեն ներգրավել ենք հավելվածի Network բաժնում, որի միջոցով օգտագործողները կարող են հեշտությամբ գտնել և կապվել նրանց հետ։

Անցած մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում և Վրաստանում բջջային հավելվածի կիրառությունը ցույց է տվել, որ այն իսկապես ապահով տարածք է կանանց համար։ Մեր օգտատերերի ապահովության նպատակով արդեն իսկ հավելվածը զինել ենք անվտանգության գործիքով, որը կոչվում է «Dual Pin» և օգտատերերին հնարավորություն է տալիս թաքցնելու իրական հավելվածը։ Բացի այդ, այժմ մշակում ենք անվտանգության մեկ այլ գործիք, որը կոչվում է «Camouflage Icon» և օգտատիրոջը հնարավորություն է տալիս հավելվածը թաքցնելու  ավելի դյուրին եղանակով։

SafeYou app explanation slide

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Safe YOU»-ի թիմը համոզված է, որ սոցիալական հիմնախնդիրները կարելի է հաղթահարել առցանց էլեկտրոնային լուծումներով: Ուստի մեր ներկայիս առաքելությունն է պարբերաբար բարելավել բջջային հավելվածի գործառությունը և այն հասանելի դարձնել ավելի շատ երկրներում։ Այս դժվարին ճանապարհին մեզ անհրաժեշտ է ողջ աշխարհի ակտիվիստների ու մտահոգ կողմերի և, որ ամենակարևորն է, մեր հետազոտող գործընկերների ու SVRI/WBG մրցանակակիրների աջակցությունն ու համագործակցությունը։

 

Հետևե՛ք Safe YOU-ին  Facebook-ում

http://www.facebook.com/SafeYOU.Space  (Safe YOU-ի գլխավոր էջ)

http://www.facebook.com/safeyougeorgia (Safe YOU Վրաստան)

Հետևե՛ք Safe YOU-ին Instagram-ում http://www.instagram.com/safeyou_app/?hl=ru

 


Authors

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000