«Ժամանակը չես կանգնեցնի», - ասում է ասացվածքը (և երգը): Իսկապես, բնության օրենքները թելադրում են, որ մարդիկ և հասարակությունները ծերանում և ծերանում են՝ դուր է գալիս մեզ, թե ոչ:
Բայց թույլ տվեք հարց տալ. արդյո՞ք ծերացող հասարակությունները դատապարտված են լճացման կամ կենսամակարդակի անկման: Ոմանք միգուցե հավատան, որ այդպես է, սակայն կպնդեի, որ ծերացումից բխող ժողովրդագրական փոփոխվող իրողություններին հնարավոր է դիմակայել հարմարվելու համարձակ վարքագծով:
Հարկավոր են գործողություններ, որոնք իրենց ուշադրության կենտրոնում կպահեն մարդկանց չօգտագործված ներուժը: Օրինակ՝ գործողություններ կարող են ձեռնարկվել ավելի երկար աշխատանքային կյանքի ընթացքում տարեցների՝ արտադրողական զբաղվածության համար անհրաժեշտ իմացական հմտություններն ամրապնդելու ուղղությամբ: Քայլեր կարող են ձեռնարկվել նաև սոցիալական նորմերի փոփոխության և աշխատաշուկայի կառույցների ձևափոխման ուղղությամբ՝ կանանց տալով ընտանիքն ու կարիերայի նպատակները համադրելու, իսկ ավելի տարեցներին՝ ավելի ճկուն ժամերի աշխատելու հնարավորություն:
Եկեք հստակեցնենք և դիտարկենք Հայաստանի օրինակը, ուր այժմ ես ապրում և աշխատում եմ: Ահա զարգացման ընթացքը պայմանավորող չորս գործոն, որտեղ միգրացիան, ծերացումը և կանանց ու տղամարդկանց համար անհավասար խաղի կանոնները վտանգում են Հայաստանի հետագա 20 տարիների տնտեսական աճը.
- Ժողովրդագրական տեղաշարժերը կհանգեցնեն առավելապես տարեց կին բնակչության (60%), որի համար կենսաթոշակների և սոցիալական ապահովության ցանցի համակարգերը դեռևս նախապատրաստված չեն:
- Նվազող աշխատուժը և կայուն արտագաղթը կպահանջեն այնպիսի քաղաքականություն, ինչպիսին է օրինակ՝ երեխաների խնամքի ապահովումը, ինչը կանանց կտա աշխատաշուկա մուտք գործելու և այնտեղ մնալու հնարավորություն:
- Արտադրողականության աճը կաշկանդված է բարձրագույն կրթության որակով և քանակով: Թեև բարձրագույն կրթություն ստացող ուսանողների մեծամասնությունը կանայք են, գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության (ինժեներիայի) և մաթեմատիկայի բնագավառներում նրանց կարիերան շարունակելու հավանականությունն ավելի փոքր է:
- Հայաստանում, որպես կանոն, կանայք ձեռնարկատեր չեն, ինչի հետևանքով ձեռներեցության զգալի ունակություններ չեն օգտագործվում:
Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի
Վերոնշյալ զարգացումներից բխող մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է ջանքերի համատեղման մոտեցում՝ օգտագործելով իր մարդկային բոլոր ռեսուրսները՝ կանանց և տղամարդկանց, հնարավորինս ճկուն ձևով և հաստատակամորեն:
Այսինքն՝ այսպիսի հարուստ գիտական ավանդույթ և ստեղծարար ու արդի ՏՏ ոլորտ ունեցող երկրում, ի՞նչ է տեղի ունենում գիտության, տեխնոլոգիայի, ինժեներիայի և մաթեմատիկայի կամ ԳՏԻՄ ոլորտներում:
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները տարածաշրջանի իրավիճակի արտացոլանքն են: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի շատ տնտեսություններում կանայք զբաղեցնում են բոլոր աշխատատեղերի շուրջ կեսը, սակայն ԳՏԻՄ-ին առնչվող աշխատատեղերում նկատվում է կանանց զբաղվածության շատ փոքր մասնաբաժին: Գիտենք նաև, որ հայ ուսանողները, թե՛ աղջիկ, թե՛ տղա, տպավորիչ արդյունքների կարող են հասնել այն ծրագրերում, որոնք նրանց օժանդակում են համապատասխան հմտություններ ուսանելու հարցում և հետո անցնել աշխատանքի, որտեղ նրանց նպաստն արժևորվում է թե՛ գործատուների, և թե՛ ընտանիքների կողմից:
Ուստի, ինչու՞ է իմաստավորված ԳՏԻՄ-ի շեշտադրումը:
Լավ է կանանց համար՝ լավ է տնտեսության համար
Համաշխարհային տնտեսության մեջ աստիճանաբար աճում է ԳՏԻՄ աշխատատեղերի պահանջարկը: Հետևաբար, ԳՏԻՄ աշխատատեղերում հայ կանանց և տղամարդկանց հաջողությունը սատարող ռազմավարությունը կարող է առաջ մղել երկրի տնտեսությունը և անհատ աշխատողներին: Դիտարկենք ասվածն իմաստավորող չորս պատճառները:
Պահանջարկը. ԳՏԻՄ հմտություններով աշխատուժի զբաղվածությունն ավելանում է և սպասվում է, որ կշարունակի աճել՝ հիմնականում պայմանավորված առանձին ապրանքների նկատմամբ պահանջարկի աճով և կենսաթոշակի անցնող աշխատողների փոխարինմամբ: Իրոք, այս ոլորտի վրա 2009-2010 թ.թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ավելի քիչ անդրադարձավ, քան այլ ոլորտների:
Հմտությունների աճ. ՏՀՏ ուղղվածությամբ աշխատատեղերը կարող են աճի ավելի լավ հնարավորություններ առաջարկել, քան ներկայումս կարծրատիպային «կանացի աշխատատեղերը»: ԳՏԻՄ ոլորտների աշխատատեղերն առաջարկում են հմտություններ ձևավորելու հնարավորություն, որոնք կարելի է փոխանցել ոչ միայն տվյալ ոլորտում, այլ նաև այլ ոլորտներ:
Ճկունություն. ԳՏԻՄ աշխատատեղերն ունեն ճկուն ժամեր և վայրեր առաջարկելու հնարավորություն, ինչը կանանց տալիս է կենցաղային և մասնագիտական պարտականությունները հավասարակշռելու հնարավորություն: ԳՏԻՄ –ն առաջարկում է նաև ինքնազբաղվածության մի շարք տարբերակներ:
Վարձատրություն. ԳՏԻՄ աշխատատեղերն ավելի շատ են վարձատրվում: Այս մասնագիտությունների վարձատրության գենդերային ճեղվածքն ավելի փոքր է, քան այլ ոլորտներում:
Հաջորդ ամիս ավելի խորությամբ կքննեմ Հայաստանի աշխատաշուկայում ԳՏԻՄ կրթության և աշխատատեղերի վերաբերյալ մեր վերջին հետազոտությունը: Հետաքրքիր կլինի տեսնել, թե Հայաստանն ինչպես կկարողանա հարմարվել այս դինամիկ նոր իրողություններին: Մնացե՛ք մեզ հետ:
Join the Conversation