Published on Eurasian Perspectives

Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման հինգ կարևոր մարտահրավերները

This page in:
View of Mother Armenia Statue, the city and Ararat mount View of Mother Armenia Statue, the city and Ararat mount

ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրով Հայաստանն առաջադրել է հավակնոտ նպատակներ՝ կապված ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական աճի և համահավասար հնարավորությունների ապահովման հետ։ Այդ նպատակներին հասնելու համար կարևոր նախապայման է բարձր կատարողականությամբ  դատական համակարգը։ Նման դատական համակարգի ստեղծումը, ինչպես նշված է, պահանջում է բարեփոխումներ բարեվարքության, արդյունավետության, հաշվետվողականության, անկախության և կատարողականի ուղղություններով: Չնայած վերջին տարիների ընթացքում Հայաստանի արդարադատության համակարգի ամրապնդմանն ուղղված բազմաթիվ քայլերին՝ ոլորտի իրավասու մարմինները, դատավորներն ու դատարանների աշխատակիցները բախվում են տարատեսակ մարտահրավերների։ 2017 թվականից ի վեր գրանցվել է դատական գործերի ավելի քան 40%-ի աճ, ինչը վտանգի տակ է դնում դատական ծառայությունների ժամանակին և արդյունավետ մատուցումը: Իրավիճակը հատկապես ծանր է առաջին ատյանի դատարանների դատավորների, գործավարների և այլ անձնակազմի համար, որոնք 2021 թվականին քննել են դատական բոլոր գործերի ավելի քան 90%-ը: Ուստի դատական համակարգը, տեսանելի ապագայում կանխատեսելով զգալի կուտակումներ,  պայքարում է գործերի ավարտման նորմալ տեմպեր հաստատելու և պահպանելու ուղղությամբ։

  • Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) հատվածական և բարդ համակարգն ավելացնում է մարտահրավերները: Համաշխարհային բանկի աջակցությամբ դատական ծառայությունների թվայնացման սկզբնական առաջընթացը գրանցվել է 2000-ականներին: Հիմնվելով այդ աջակցության վրա՝ ոլորտի շահագրգիռ կողմերը ժամանակի ընթացքում ավելացրել են ծրագրեր և հավելվածներ, սակայն արդյունքը ներկայիս չափազանց բարդ ՏՀՏ ճարտարապետությունն էդատական համակարգի հիմնական բիզնես գործընթացների հիմքում այժմ ընկած են յոթ տարբեր ծրագրեր՝  որոշ հատվածներում կրկնելով աշխատանքները, միաժամանակ բացեր թողնելով մյուս հատվածներում։ Այդ ծրագրերը գործում են 18 սերվերային սենյակներում տեղակայված սերվերների միջոցով, որոնցից և ոչ մեկը չի համապատասխանում տվյալների կենտրոնի ցանկալի չափանիշներին: Ավելին, չկա աղետների՝ երկրաշարժերի, հրդեհների, ջրհեղեղների կամ կիբերհարձակումների դեպքում տվյալների վերականգնման համար երկրորդային վայր, բացի այդ, անվտանգության որևէ քաղաքականություն չի ընդունվել կամ իրականացվել՝ զգայուն տվյալները դարձնելով խոցելի:

  • Ֆինանսական ռեսուրսները սուղ են։ Հակառակ պահանջարկի միտումին՝ դատական համակարգի բյուջետային հատկացումները 2019-2021 թթ. նվազել են 1,7%-ով՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ երկրների շարքում Հայաստանին թողնելով դատական համակարգի վրա ամենացածր ծախսեր (թե՛մեկ շնչի հաշվով, թե՛ ՀՆԱ-ի մասնաբաժնի հաշվարկով) կատարող երկրի դիրքում: Ռեսուրսների սուղ ծախսերը պայմանավորված են աշխատավարձերի մեծ չափաբաժնով, որը դուրս է մղում մնացած բոլոր գործառույթները՝ քիչ տեղ թողնելով նորարարություններին, ներդրումներին, պահպանմանն ու սպասարկմանը, ինչպես նաև ՏՀՏ-ի արդիականացմանը:

  • Չնայած աշխատավարձերի վերջին բարձրացումներին՝ որակյալ կադրերի հավաքագրումն ու պահպանումը մարտահրավեր է դատական համակարգի համար: Գործերի մեծ ծանրաբեռնվածության, աշխատանքային անբարենպաստ պայմանների, ֆիզիկական վատ ենթակառուցվածքների և բարդ ՏՀՏ-ի պատճառով երկար աշխատաժամերը, թվում է, հետ են պահում դատավորների պոտենցիալ թեկնածուներին և հանգեցնում դատավորների օգնականների պաշտոններում կադրերի մեծ հոսքի։ Օրինակ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտների միայն 15 տոկոսն է իր կարիերան տեսնում դատական համակարգում, ընդ որում՝ ճնշող մեծամասնությունն ընտրում է մասնավոր հատվածը:  

  • Տվյալների թույլ կառավարումը խոչընդոտում  է համակարգի արդյունավետ ղեկավարումը: Դատական գործերի կառավարման համակարգը վիճակագրական հաշվետվություններ չի տրամադրում, տվյալների հավաքումը թույլ է, ինչի հետևանքով պլանավորման յուրաքանչյուր փորձ դառնում է գրեթե անհնարին: ՏՀՏ աջակցության և դատարանների կառավարման հմտությունների բացակայության պայմաններում Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) և դատարանները շարունակում են վերահսկել և կառավարել դատական ծանրաբեռնվածությունը առանց ծրագրային լուծումների, հնաոճ և անարդյունավետ մոտեցմամբ։  

Բարեփոխումների ապագան

Հայաստանի արդարադատության համակարգում շոշափելի արդյունքների հասնելու և արդյունավետության եվրոպական չափանիշներին համապատասխան ստանդարտներ ունենալու համար քաղաքական կամքն ու հանձնառությունը պետք է վերածվեն վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքերի։

Միայն ֆինանսական կամ մարդկային ռեսուրսների ավելացումը, չնայած գայթակղիչ լինելուն, կայուն կամ լիարժեք լուծում չէ: Ներդրումները պետք է դասակարգվեն ըստ առաջնահերթությունների։ Ե՛վ դատական ընթացակարգերի, և՛ դատական համակարգի կառավարման կանոնների բարելավումը պետք է նպաստի արդյունավետությանն ու որակին` միաժամանակ խթանելով վստահությունն ու բարեվարքությունը:

Վերջերս Համաշխարհային բանկի ջանքերով պատրաստված ‹‹Հայացք ապագային›› զեկույցը, որը ֆինանսավորել է Եվրոպական միությունը, նպատակ ունի նպաստել քաղաքականություն վարողների և որոշումներ կայացնողների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև արդարադատության նախարարության (ԱՆ) և դատական համակարգի տեխնիկական անձնակազմի հետ այս խնդիրների լուծման քննարկումներին:  Զեկույցի յոթ գլուխներում ա) վերանայվում է ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ կառուցվածքը, բ) վերլուծվում են դատական կատարողականի հարցերը, ներառյալ՝ համակարգային անարդյունավետության պատճառները՝ ըստ գործերի տեսակների, դատարանների տեսակների և դատարանի գտնվելու վայրերի, գ) ուսումնասիրվում են բյուջետավորման և ֆինանսական կառավարման գործող պրակտիկան և ընթացակարգերը, ինչպես նաև դատական ծախսերի մակարդակի էվոլյուցիան և միտումները, դ) վերլուծվում է կադրերի և դատական համակարգի կատարողականի կապը, և թե ինչպես է կադրերի կառավարումը խոչընդոտում կամ նպաստում դատարանների դատական ծառայությունների մատուցմանը, ե) քննարկվում է, թե որքանով են ներկայիս ՏՀՏ ռեսուրսները, համակարգերը և գործիքները բավարարում կարիքները, և զ) ուսումնասիրվում են դատական համակարգի ֆիզիկական ենթակառուցվածքները, պահպանման և ներդրումային կարիքները։

Զեկույցն ամփոփվում է գործնական և իրագործելի առաջարկություններով, որպեսզի ՀՀ պետական մարմինները հաշվի առնեն դրանք արդարադատության ոլորտի բարեփոխումներ իրականացնելիս։ Վերջինները կարևոր դեր ունեն ՀՀ քաղաքացիների և բիզնեսի կարիքները բավարարելու, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և առավել ճկուն, ներառական տնտեսական աճ ապահովելու համար։  


Authors

Eva Melis

Senior Governance Specialist

Nane Harutyunyan

Public Sector Specialist

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000