Published on Eurasian Perspectives

Ինտերնետի օգտագործումը Հայաստանում․ Դեպի թվային միջոցների ավելի մեծ դերակատարում տնտեսության զարգացման մեջ

Digital Tools in Economic Development Digital Tools in Economic Development

Հայաստանում տնային տնտեսությունների 96 տոկոսը և փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) 86 տոկոսն ունի ինտերնետային կապ․ այդուամենայնիվ, կարելի է որոշակի հետաքրքիր տարբերություններ նկատել անհատների կողմից ինտերնետի օգտագործման եղանակներում։ Պարզ ասած՝ դեռևս կա առցանց ծառայությունների մի ահռելի չիրացված շուկա, քանզի տվյալները վկայում են, որ շատ մարդիկ ու բիզնեսներ չեն իրացնում թվային տիրույթի հնարավորությունները։ Այս թեմատիկ շարքի վերջին բլոգում ներկայացնում ենք, թե ինչու դեռևս կան ինտերնետին չմիացած անհատներ ու բիզնեսներ և առաջարկում ենք հանրային քաղաքականություններ, որոնք կարող են ընդլայնել տեխնոլոգիաների օգտագործումն՝ այս կերպ մեծացնելով տնտեսական աճն ու դիմակայունություն ձևավորելով ապագայի համար։

Ողջ աշխարհում անհատները, բիզնեսներն ու կառավարությունները թվային տիրույթ են անցնում՝ ՔՈՎԻԴ 19-ի համավարակի ընթացքում գործունեությունը շարունակելու համար։ Ավելի երկարաժամկետ կտրվածքով՝ այս թվային գործիքներն ու ցանցերը կարող են նոր հնարավորություններ վեր հանել։ Բիզնեսները կարող են ավելի արդյունավետ դառնալ, նոր շուկաներ մուտք գործել և պատրաստվել ապագա աճին։ Անհատները՝ որպես քաղաքացիներ, ապրանքներ և ծառայություններ սպառողներ ու աշխատաշուկայի մասնակիցներ, կարող են հաղորդակից դառնալ տեղեկատվությանը, ծառայություններին և շուկաներին ու գտնել սոցիալական ու տնտեսական զարգացման նոր ուղիներ։

Փոփոխության շատ հնարավորություններ կան։ Դիպվածային փաստերը վկայում են, որ սոցիալական հեռավորության և ներկայիս ճգնաժամի հաղթահարմանն ուղղված մյուս միջոցառումների պայմաններում շատ մարդիկ ու բիզնեսներ անցում են կատարել առցանց գործունեության։ Սակայն միաժամանակ 2019-ի վերջին կատարված մեր հետազոտությամբ պարզվել է, որ փոքր բիզնեսների մոտ 58 տոկոսը, որն իր բիզնես գործառնություններում չի օգտվում թվային տեխնոլոգիաներից, պնդել է, որ ՏՏ-ն արդիական չէ, իսկ ինտերնետին չմիացած տնային տնտեսությունների 50 տոկոսը, նույն կերպ, պնդել է, որ ինտերնետն անհրաժեշտ կամ օգտակար չի համարում։

Առցանց, սակայն՝ ոչ ամբողջությամբ թվային

Ինտերնետին չմիացած տնային տնտեսություններն ու տնտեսվարող սուբյեկտները ներկայացնում են մարդկանց մի մեծ խումբ, որը դեռևս չի օգտվում ինտերնետում առկա ծառայությունների ողջ ծավալից։ Օրինակ՝ ինտերնետից օգտվողների ընդամենը 13 տոկոսն է նախորդած երեք ամիսներին կատարել առցանց գնումներ, ընդամենը 5 տոկոսն է օգտվել ինտերնետային բանկային ծառայություններից, մոտավորապես մեկ երրորդը փորձել է գտնել առողջությանը վերաբերող տեղեկություններ և միայն մեկ վերցերորդն է օգտվել էլեկտրոնային կառավարման ծառայություններից։ Ավելի կոնկրետ ուղղություններով, օրինակ, առողջապահական տեղեկատվության փնտրելու, ինտերնետային բանկային ծառայություններից օգտվելու կամ աշխատանք գտնելու մասով Հայաստանի ցուցանիշները զիջում են Եվրոպական միության ցուցանիշներին, սակայն նաև՝ հարևան Վրաստանին, որտեղ ևս գյուղական բնակչության թիվը նույնքան բարձր է։

Image

 

Հայաստանում փոքր բիզնեսները, կարծես թե, ի շահ իրենց չեն ծառայեցնում թվային տիրույթի հնարավորությունները։ Թեև 43 տոկոսը տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործում է վաճառք իրականացնելիս, իսկ մեկ երրորդը՝ հաճախորդների հետ հարաբերությունները կազմակերպելիս, ընդամենը մեկ հինգերորդն է մատակարարներին վճարումներ կատարում էլեկտրոնային եղանակով և միայն մեկ երրորդն է հարկերը վճարում առցանց եղանակով։ Բացի այդ, մասնավոր ընկերությունների շրջանում ցածր է առաջադեմ տեխնոլոգիաների մասին իրազեկությունը։ ՓՄՁ-ների մեկ երրորդից էլ քիչ մասն է լսել ձեռնարկությունների կառավարման այնպիսի բազային լուծումների մասին, ինչպիսիք են, ERP-ն, CRM-ը կամ հաշիվների ներկայացման էլեկտրոնային համակարգերը։ Եվ զարմանալի չէ, որ շատ ավելի ցածր է իրազեկությունն առաջատար տեխնոլոգիաների մասով, ինչպիսիք են իրերի ինտերնետը (IOT), արհեստական բանականությունը (AI), բլոկչեյնը, 3D տպագրությունը և այլն։ Սա վկայում է, որ առկա տեխնոլոգիական հնարավորությունների մասով իրազեկվածության զգալի բաց կա։

Նշանակություն ունի նաև կապի որակը։ Ինչպես ներկայացրել ենք, թեև տնային տնտեսությունների մեծամասնությունը միացած է ինտերնետին, սակայն այստեղ կան բացեր, որոնց պետք է հասցեագրել։ Առաջինը մարդկանց ունեցած կապի տեսակի խնդիրն է․ գյուղական բնակավայրերի ընտանիքների 60 տոկոսը և քաղաքայինի 75 տոկոսն ունի ֆիքսված լայնաշերտ կապ։ Մնացածն օգտվում են բջջային կապից, ինչը թերևս սահմանափակում է, օրինակ, առցանց ուսուցմանը մասնակցելու կամ հեռավար բուժծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Եվ ինտերնետին միացած տնային տնտեսությունների փոքր մասն է 100 Մբպս-ից բարձր արագայության կապի բաժանորդ, մնացածն, ըստ ամենայնի, դժվարությունների են հանդիպում հուսալի ինտերնետային կապ ստանալու հարցում՝ հատկապես, եթե միաժամանակ տնային տնտեսության մի քանի անդամ է մտնում ինտերնետ։

Ուսումնասիրված բիզնեսներից գրեթե կեսը չգիտեր, թե ինչ արագության են իրենք բաժանորդագրվել (ինչը հետաքրքիր է, քանի որ դա բիզնեսի ծախս է հանդիսանում), և ընդամենը 7 տոկոսն է միացած եղել 100 Մբպս-ից բարձր արագության կապի։ Ինտերնետին միացած ընկերությունների մեկ քառորդը հայտնել է, որ իրենք նախորդ տարում ունեցել են կապի խնդիր․ սա ամենից հաճախ հիշատակվող խնդիրն է։ Կրկին, սա վկայում է, որ հուսալի և որակյալ լայնաշերտ կապի հասանելիությունը բարելավելու և, այսպիսով, Հայաստանում ավելի թվային տնտեսության հիմքեր ստեղծելու առումով աշխատելու զգալի տեղ կա։

Դիրքավորվել թվային ապագայի համար

Կարծում ենք, որ անհատների և բիզնեսների կողմից թվային տեխնոլոգիաների ավելի մեծ հաջողությամբ օգտագործմանը նպաստելը կամրացնի Հայաստանի երկարատև և կայուն տնտեսական աճի հիմքերը ապագայում։ Այս ջանքն ավելի շատ մարդկանց ու բիզնեսների կօգնի կապվել շուկաների, ծառայությունների և միմյանց հետ՝ այս կերպ զարկ տալով արտադրողականությանն ու ներառականությանը, ապահովելով ծառայությունների և բիզնեսների անխափան գործունեությունն անգամ ճգնաժամի պայմաններում և բացելով սովորելու և եկամուտ վաստակելու նոր ուղիներ։

Ուրեմն, ո՞րն է անհրաժեշտ դարձնել հանրային քաղաքականության կիզակետը։ Միանշանակ են գերարագ ֆիքսված լայնաշերտ կապի հասանելիության ու օգտագործման հետ կապված բացերը։ Այս ցանցերի հասանելիությունը կարելի է խթանել շուկայում մրցակցային ճնշումը մեծացնելու միջոցով՝ մինչ այժմ գրանցված առաջընթացն էլ ավելի ընդլայնելու նպատակով․ Հայաստանի ինտերնետային շուկան արագ աճ է գրանցել, քանի որ հեղահաղորդակցության և ինտերնետային ծառայությունների օպերատորները մրցակցության մեջ են եղել և ներդրումներ կատարել։ Գերարագ ցանցերի ընդլայնման մնացած խոչընդոտները, եթե այդպիսիք կան, պետք է վեր հանել ու չեզոքացնել։

Նույնիսկ այս դեպքում, սակայն, կլինեն վայրեր և օգտատերեր, որոնք շուկայի տիրույթից դուրս կմնան՝ կա՛մ այդ վայրերում ծախսերի բարձր լինելու, կա՛մ եկամտաբեր չլինելու պատճառով։ Այդ դեպքերում հանրային քաղաքականությունները կարող են ռազմավարական կերպով ներդրումներ ներգրավել, օրինակ, պետական-մասնավոր գործընկերությունների ձևաչափով։ Աշխարհում կան նման ծրագրերի շատ օրինակներ՝ Ասիայից (օր․՝ Կորեայի Հանրապետություն) մինչև Եվրոպա (օր․՝ Ֆինլանդիա, Լիտվա, Գերմանիա)։

Ամեն դեպքում, հարկ կլինի ոչ միայն կապի ենթակառուցվածքներ ստեղծել, այլ նաև խթաններ, որոնք ավելի շատ բիզնեսների ու տնային տնտեսությունների կխթանեն միանալու ինտերնետային տիրույթին ու թվային ծառայությունների ողջ շարքին։  Այստեղ ծրագրերի ուղղվածությունը պետք է լինի ինտերնետի օգտագործումը սահմանափակող գործոնները վերացնելը, ինչպիսիք են, հավելվածների և հմտությունների բացակայություն, սուղ միջոցներ, բիզնեսի մոդելը վերափոխելու համար անբավարար խթաններ։ Փոքր բիզնեսների թվային փոխակերպմանն աջակցելը կարող է դժվար լինել, սակայն արդյունքները շահեկան կլինեն տնտեսության մեծ մասի համար։

Այս ջանքերը կարելի է համալրել ծրագրերով, որոնք կլուծեն անհատների թվային կարողությունների բացերը, կապահովեն օգտագործման համապատասխան դեպքերի մասին իրազեկում և կարագացնեն ու շարունակական կդարձնեն թվային փոխակերպումը, որը սկսվում է այն պահից, երբ մարդիկ ու բիզնեսները միանում են ինտերնետին։ Այս քաղաքականությունները կապահովեն, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք՝ անկախ գտնվելու վայրից ու եկամտից, կարողանա ստանալ տեխնոլոգիաներով պայմանավորված տնտեսական հնարավորությունների ու թվային շահաբաժինների հասանելիություն։


Authors

Siddhartha Raja

Senior Digital Development Specialist

Gohar Malumyan

Digital Development Consultant

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000