Published on Investing in Health

COVID և ծածկույթ. ֆինանսավորման բարեփոխումները կարևոր են Հայաստանում առողջապահության բարելավման համար

This page in:
Daily inpatient care at Hrazdan Medical Center, Kotayk region. Armenia. Photo: Armine Grigoryan/World Bank Daily inpatient care at Hrazdan Medical Center, Kotayk region. Armenia. Photo: Armine Grigoryan/World Bank

Լուսինեն վերականգնվում է սրտի կաթվածից հետո: Մեկ շաբաթ առաջ նա Մխչյան գյուղի հիվանդանոց էր դիմել կրծքավանդակի ցավերով և ուղեգրվել էր մարզային հիվանդանոց: Տասը տարի առաջ Լուսինեի մոտ շաքարախտ է ախտորոշվել, որը պահանջում է դեղորայքի ամենօրյա ընդունում և ժամանակ առ ժամանակ մասնագետի ծառայություններ: Այսուհանդերձ նա չի համապատասխանում հիվանդանոցային ու ամբուլատոր խնամք և դեղամիջոցներ ստանալու համար պետական պատվերի փաթեթում ներառվելու պահանջներին: 

Ֆերմայից ստացված եկամուտը և Ռուսաստանից ամուսնու՝ Մակիչի ուղարկած միջոցները բավարար չէին դեղորայք գնելու համար, ուստի դեղերի ընդունումը Լուսինեն հաճախ էր ընդհատում: Ամիսներ առաջ նա կրծքավանդակի կծկումներ էր զգացել, սակայն բժշկի չէր այցելել: Սրտի կաթվածը հանկարծակի վրա հասավ: Արյան մատակարարման խցանումը վերացնող բժշկական գործողությունը թանկ արժեր: Լուսինեն ու նրա ամուսինը տարիներ շարունակ պետք է մարեն այդ պարտքը:

Առողջապահական ծախսերի բեռը Հայաստանի տնային տնտեսությունների համար

Լուսինեի առճակատումը սրտի մահացու հիվանդության հետ եզակի դեպք չէ: Հայաստանում մահերի ավելի քան  90 տոկոսի պատճառը քրոնիկական հիվանդություններն են: Այս իրավիճակը պահանջում է, որ առողջապահական ծառայություններ մատուցողները կենսակերպի և բուժման ու բարդությունների կառավարման փոփոխություններ ձեռնարկեն: Քրոնիկական հիվանդություններ ունեցող շատ հայաստանցիներ բուժօգնություն չեն ստանում: Փաստորեն հիպերտոնիկ հիվանդություն ունեցող հինգ հայաստանցիներից երկուսը  մնում են առանց բուժման: Բուժծառայությունների հիմնական խոչընդոտներից է բարձր գինը, քանի որ որոշ հիմնական ծառայությունների համար պետության կողմից երաշխավորվող ծառայությունների փաթեթով համընդհանուր ծածկույթ չի ապահովվում:

Հիվանդների գրպանի հաշվին կատարված  վճարումները  2017-ին կազմել են Հայաստանում առողջապահության ընդհանուր ծախսերի 85 տոկոսը: Սա գերազանցում է միջին և բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը, որտեղ այդ ծախսերը կազմում են 33 տոկոս: Ցավոք, առողջապահական ծառայությունների առավելագույն կարիք ունեցողների, այդ թվում տարեցների ու աղքատների դեպքում փոքր է հավանականությունը, որ նրանք կկարողանան վճարել:  Անհատական մակարդակում ապագա առողջապահական կարիքների համար դժվար է խնայողություններ անել՝ ծառայությունների անհրաժեշտության ի հայտ գալու ժամանակի և չափի անորոշության պատճառով: Հայաստանում առողջապահության բարելավման ճանապարհին ֆինանսները չպետք է համարժեք և ժամանակին բուժծառայություններից օգտվելու խոչընդոտ մնան:

Առողջապահության կանխավճարային և խմբավորված ֆինանսավորումը կարող է բարելավել հասանելիությունը

Ընդհանուր մակարդակում առողջապահության կարիքների անորոշությունն ավելի փոքր է: Այն երկրները, որոնք հաջողությամբ բարելավել են բարձրորակ խնամքի հասանելիությունը, անհրաժեշտ միջոցները հայթայթել են ընդհանուր եկամուտների կամ պարտադիր կանխավճարների միջոցով: Ընդհանուր եկամուտների հաշվին ֆինանսական միջոցների հավաքման բեռը տարածվում է մեծ շառավղով: Նշված երկրները նաև ռիսկերի խմբավորման միջոցով առողջապահության ոլորտի ծախսերի բաշխում են կատարել, որպեսզի առողջապահական ավելի շատ կարիքներ ունեցող խմբերը խաչաձև սուբսիդավորվեն ավելի քիչ առողջապահական կարիքներ ունեցող խմբերի կողմից:

Երբ պետությունը պարտադիր կանխավճարների բացակայության պայմաններում ֆինանսավորում է առավել աղքատների վճարումները, նվազ առողջապահական կարիքներ ունեցող խմբերը դուրս են մնում ընդհանուր ռիսկի խմբից, իսկ Լուսինեի նման անհատները հայտնվում են «չբավականացնող միջին հատվածում»: Այս անձինք իրավունակ չեն ընդգրկվելու պետության կողմից երաշխավորվող ծառայությունների ծածկույթում և գների պատճառով դուրս են մղվում առողջապահությունից: Խմբերի բացառումը ծածկույթից հանգեցնում է բուժօգնության դիմելու հետաձգման, բարդությունների դեպքում՝ թանկ անհետաձգելի ծառայությունների կարիքի և ընտանիքների էլ ավելի աղքատացման:

Հանուն առողջապահության բարելավման ֆինանսական հատկացումները պետք է ռազմավարական լինեն

Ավելի որակյալ ծառայությունների և առողջապահության վերջնարդյուքների բարելավման համար կանխավճարային և համախմբված միջոցները պետք է արդյունավետորեն հատկացվեն: Հայաստանը սա լավ գիտի: Երբ 1991-ին Խորհրդային Միությունը լուծարվեց և պետական բյուջեն կրճատվեց, Հայաստանը բախվեց մոր և մանկան առողջության հրատապ կարիքների խնդրին: Այդ մարտահրավերը մեղմելու համար մոր և մանկան առողջության պահպանման հիմնական ծառայությունները համընդհանուր հասանելի դարձան: Ստեղծվեց Պետական առողջապահական գործակալությունը, որպեսզի բժշկական ծառայություն մատուցողները վճարվեն կատարված աշխատանքների վերջնարդյունքների, ոչ թե ներդրված ռեսուրսների համար, ինչը մեծապես նպաստեց մոր և մանկան առողջության բարելավմանը:

Տասնամյակներ անց՝ 2020-ին, ի պատասխան COVID-19-ի, Հայաստանը որդեգրեց նման գործելակերպ: Բժիշկները պարգևավճարներ են ստանում COVID-ի հետ կապված ծառայությունների համար ծախսած լրացուցիչ ժամանակի դիմաց, հիվանդանոցները օրական սակագներով վճարվում են ըստ COVID-19 դեպքերի համար օգտագործվող մահճակալների թվի, իսկ երեխաներին և հղի կանանց ուղղված ծառայությունների հատուկ սակագները նպատակ ունեն կանխել նրանց անտեսումը գերզբաղված բուժծառայություններ մատուցողների կողմից: Պետությունը նաև երաշխավորում է COVID-ի հետ կապված բոլոր բուժծառայությունների ծածկույթ, որպեսզի ֆինանսական խոչընդոտները չնպաստեն հիվանդության տարածմանը:

Ռազմավարական գնումները, որոնք ներառում են միջոցների հատկացման վերաբերյալ հիմնավորված և նպատակային որոշումների կայացումը, կարևոր նշանակություն ունեն՝ ապահովելով, որ պետական միջոցները նպաստեն Հայաստանում առողջության բարելավմանը՝ անկախ մարտահրավերներից:

Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների երկրորդ փուլը

Առողջապահության նախարարությունն առաջնորդում է համընդհանուր առողջապահական ծածկույթի բարեփոխումները: Այդ բարեփոխումները, ներառյալ ռազմավարական գնումները, ուղղված են այն նպատակին, որ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովվի անհրաժեշտ բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Այդ բարեփոխումների հաջող իրականացմանը նպաստելու համար Համաշխարհային բանկի թիմն աջակցել է բարձր մակարդակի քաղաքական քննարկումներին, ուսումնասիրել է այլ երկրներում գնումների համապատասխան փորձը և զեկույց է պատրաստել`առողջապահության ոլորտի հատկացումները բարելավելու առաջարկություններով: Տվյալ տեխնիկական օժանդակությունը ֆինանսավորվել է Կորեա-Համաշխարհային բանկ համագործակցության կառույցի կողմից:

«Գնումներ հանուն Հայաստանում առողջապահության բարելավման» զեկույցում ընդգծվում է առողջապահության որակը և ծածկույթը բարելավելու համար Պետական առողջապահության գործակալության միջոցով անկախ, օբյեկտիվ և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու, ինչպես նաև հաշվետվողականության խթանմանն ուղղված արտաքին վերահսկման մեխանիզմների անհրաժեշտությունը: Զեկույցում շեշտվում է նաև, որ բուժծառայություն մատուցողի գործունեության և բնակչության առողջության կարիքների պարբերական վերանայմամբ պետք է հիմնավորվեն ծառայությունների փաթեթի թարմացումները, ծառայություն մատուցողի ընտրությունն ու վճարումը: Արժեքով պայմանավորված գնումները, որոնք հանգեցնում են առողջապահական վերջնարդյուքների բարելավման, կարող են փաստարկ հանդիսանալ Հայաստանում հանրային առողջության ֆինանսավորման ավելացման համար:

Պետական առողջապահական գործակալությունը կշարունակի սահմանափակ ազդեցություն ունենալ բուժսպասարկում իրականացնողների վրա, եթե չավելացնի հանրային առողջապահական ծախսերը: Իսկ առանց այնպիսի խթանների, ինչպիսիք են կլինիկական ուղեցույցների կատարումը կամ համապատասխան ենթակառուցվածքները, բուժհաստատությունները ծառայությունների որակը չեն բարելավի:

Այսպիսով, առողջապահական վերջնարդյունքների բարելավումը Հայաստանում պայմանավորված կլինի գնումների բարեփոխումների հաջողությամբ, բավարար կանխավճարային և խմբավորված եկամուտներով և ծառայությունների մատուցման պատրաստականության բարելավմամբ:

Ամբողջական զեկույցը և ամփոփոգրերը հասանելի են հայերեն և անգլերեն:


Authors

Adanna Chukwuma

Health Specialist at the World Bank Group

Estelle Gong

Health services professional focusing on the overlap between operations and research

Emma Ghazaryan

Public health specialist

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000